ՀՈՒՅՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Գյումրիի ժամանակակից արվեստի 8-րդ բիենալեին

previous | next
english | armenian

ՀՈՒՅՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱԺԶ-ի նախագիծը Գյումրիի ժամանակակից արվեստի 8-րդ բիենալեի շրջանակներում

ԱԺԶ արվեստային կոլեկտիվի Հույսի Տնտեսություն նախագիծը միտված է ստեղծել մի հնար բացահայտելու համար հույսը ո՛չ միայն որպես մեր հոգում ի հայտ եկող որոշակի զգացում, այլեւ, որպես ապրանքի որոշակի տեսակ, որը ցանկության ու դրա (ան)կարելիության համակցության արդյունքն է։ Նախագիծը նաեւ փորձ է վերլուծելու մասնակի սոցիալ-տնտեսական եւ ավելի լայն համատեքստերում հույսերի նման արտադրությունը, վաճառքն ու սպառումը իրականացնող համակարգերը։ Ընդգրկված արվեստի գործերը հույսին մոտենալու տարբեր ուղիներ են առաջարկում՝ մերթ այն ներկայացնելով որպես անհատական ու հավաքական ցանկություններին հասնելու մի մղում, մերթ որպես ապրանք, որն արտադրվում ու միաժամանակ հարկադրվում է այնպիսի տարբեր համակարգերում, ինչպիսին են՝ կրոնը, տեղի սնապաշտական պատումներն ու ադաթները կամ, հույսի տնտեսության սպառողա-հարկադրական մոդելները անընդհատ ամրապնդող ու զարգացնող նոր կապիտալիզմը։

DSC_6783.JPGՍտիվեն Լեւոն Ունանյանը իր Հույսի Բանկ կոչվող օնլայն նախագծում ապրնքայնացված եւ դրամայնացված հույսի վերը նշված գաղափարը մարմնավորել է գովազդային չորս հոլովակներից եւ ցուցապաստառներից բաղկացած մի շարքով։ Գրասենյակային աշխատողի կեցվածքով մի տղամարդ պատմում է Հույսի Բանկի մասին, նկարագրելով այն, իբրեւ հույսի օնլայն մի պահեստ եւ վերաբաշխման կենտրոն։ Վիդեոներում ու ցուցապաստառների վրա հայտնվող կարգախոսներն առաջարկում են ծառայություններ, որոնք հասանելի են անգամ հետմահու կյանքում։ Դիմելով աբսուրդի հասնող չափազանցման ռազմավարությանը եւ իրեն շատ բնորոշ նուրբ հումորի, Ունանյանը մի տեսակ նախազգուշացնում է ո՛չ միայն գալիք, այլեւ գուցե դեռ չգիտակցված, բայց և այնպես մեր սոցիալական կյանքում արդեն իսկ առկա երբեմն անցանկալի զարգացումների մասին։

DSC_6952.JPGՆվարդ Երկանյանն իր Այլընտրանքային Շուկա նախագծում, խաղարկում է այս ապրանքայնացման գաղափարը մեկ այլ ճանապարհով՝ ներկայացնելով շրջանառության մեջ դրված հույսը: Քաղաքով ցրված հայտարարությունները ազդարարում են տարատեսակ հույսերի առքի, վաճառքի եւ փոխանակման մասին: Ուշագրավ է դրանցից մեկը, որն առաջարկում է “փոխանակել Հայաստանը չլքելու հույսը աշխատանք գտնելու հույսի հետ”: Հայտարարությունները՝ կցված հեռախոսահամարներով, շատ նման են իրականներին եւ միայն բովանկադությունն է, որ մատնում է դրանցում եղած աբսուրդն ու սադրանքը:
Այսպես, տեսնելով հույսը վիրտուալ շրջանառության մեջ եւ ներկայացնելով այն ուղղակի պահանջարկի եւ առաջարկի տեսքով, Նվարդ Երկանյանը նաեւ ի ցույց է դնում Հայաստանի սոցիալական, տնտեսական, եւ քաղաքական պայմանների փոփոխության հանդեպ հուսալքությունը, որը մեծապես շահարկվում է զանազան քաղաքական ուժերի կողմից:

DSC_7032.JPGԳյումրիի հետընտրական համատեքստում յուրահատուկ ձեւով Կարեն Միրզոյանը ներկայացնում է Մի փորձիր ապրել նախագիծը: Այն իրենից ներկայացնում է վիդեոների մի շարք, որտեղ իրենց ինքնասպանության չհաջողված փորձերի մասին պատմող մարդկանց հարցազրույցները համադրված են լուսանկարչական պատկերաշարով: Վիդեոյում օգտագործված այս սեւ-սպիտակ պատկերներից որոշները՝ լրացված տեքստային հատվածներով նշված պատմություններից ի ցույց են դրվել փողոցներում՝ փակված պատերին եւ ցուցափեղկերին: Նախընտրական պաստառների պես՝ երեք, չորս նույն նկարից մեկ շարքով փակցված, այս լուսանկարներն ի տարբերություն նախընտրականներին մեզ ոչինչ չեն խոստանում, սակայն խիստ հիշեցնում են այն հսկայական ճեղքի մասին, որն առկա է քաղաքական գործիչների խոստացված կյանքի եւ իրականության միջեւ:

Նորք Զաքարյանի Ֆուլ Թուլ ֆիլմը դիտարկում է ֆալաֆելը իբրեվ մի միջոց նկարագրելու համար երկրի ընթացիկ իրավիճակը 2011 թվականի հունվարի 25-ի հեղափոխությունից առաջ եւ հետո։ Այն նկարահանվել է 2012 թվականի Մայիսի 12-ին տեղի ունեցած, Եգիպտոսոի պատմության մեջ առաջին ժողովրդավարական նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ։ Փարավոնների ժամանակներից ի վեր ազգային կերակրատեսակ հռչակված ֆալաֆելը կամ ինչպես Քահիրեյում են այն կոչում, «թաամեյան» շատ էժան սնունդ է պատրաստված ֆուլից՝ լոբուց, մինչդեռ այլ երկրներում այն պատրաստում են հումուսից՝ ոլոռից։ եգիպտացիներին բնորոշ հումորով, ֆիլմի պերսոնաժներից երկուսը խաղարկում են «ֆալաֆել» բառը, քննադատելով հին իշխանական ռեժիմի մնացորդը՝ «ֆըլուլը», որը շարունակաբար խրախուսում ու խթանում է այս էժան սննդի արտադրանքն ու սպառումը, այնպես, որ ժողովուրդը պարզապես սովից չմեռնի։ Առաջիկա ընտրություններին մարդիկ կարծես թե կունենան հիմարի կարգավիճակում չհայտնվելու հնարավորություն։

DSC_6795.JPGThe Deenjes անվանումով նորաստեղծ հայկական նվագախումբը իր երգերը գրելիս օգտագործում է տեղական դասական պոեզիա, հաճախ երգերի մեղեդին ընդմիջարկելով իր պոեզիան ընթերցող բանաստեղծի ձայնով։ Երգերից մեկը, որն, ըստ բանաստեղծության վերնագրված է Հիմա ամեն ինչ անիմաստ է, աչքի է ընկնում իր հուսաբեկ բառերով, երաժշտությամբ եւ վիդեոյով։ Երգի բառերում շեշտված հուսահատության վիճակը ուժգնանում է կատաղի երաժշտության հաշվին, իսկ վիդեոն ի վերջո այն դարձնում է կատարյալ։ Ակնհայտորեն,այս ստեղծագործությունը իր ամբողջության մեջ ակնարկ է այն մասին, որ մեր հասարակության մեջ տիրող հարաբերությունների գիշատիչ բնույթը դեռեւս հաղթահարված չէ, ինչպես դրա ծածուկ , այնպես էլ բացահայտ դրսևորումների մեջ։ Ամեն տեսակի բռնությունը, հարկադրողական աշխատանքը, մտավոր շահագործումը դեռեւս մնում են մեր կյանքի գլխավոր ուղեկից։

DSC_6855.JPGԱնձնական հարթության վրա հույսը հաճախ հանդես է գալիս մեր իսկ արարքները սահմանող գործոնի դեպում: Սակայն ակնհայտ է, այն որ հույսի եւ գործողության միջեւ եղած կապն այնքան էլ ուղիղ չէ: Լյուսի Աբդալյանն իր Ես/նրանք սիրում/ատում եմ/ենք քեզ/նրանց գործում փորձ է անում բացահայտել իր հույսերի ակտուալիզացման եւ գնահատման բարդ ընթացքը, մեկ ուրիշի հետ բարդ հարաբերության համատեքստում:
Գործը իրենից ներկայացնում է մի խոսակցություն իր տարբեր եսերի միջեւ, որոնց այս կամ այն արարքը այժմ քննարկվում եւ քննադատվում է մեկ այլ եսի կողմից, ում հետ նույնացնում է իրեն հեղինակը:
Այս ձայների համադրությունը վրադրված է իր վերջին անիմացված եւ համակցված դիմանկարներով, նմանատիպ պատկերված պերսոնաժները իլուստրացնում են այս ինքն իր հետ զրույցը: Մի մարդու պատկանող, սակայն ծայրահեղ պերսոնիֆիկացված այս խոսող եսերը հուշում ենք մեզ նույն իրավիճակի մասին, որ վերապրվում է, բայց հաճախ չի գիտակցվում:

DSC_6815.JPGՆումեն անվանում կրող վերջերս ստեղծած իր գործում Իզաբել Վիշերան անդրադառնում է հատուկ դեպքի, երբ առանձին անհատի համար ցանկություններն ու հույսերն առաջանում, տեղում յուրացվում, սպառվում ու պատկերայնացվում են «բաժակ նայելիս» ՝ տնային մի ծես, որը լայն տարածում ունի Բալկաններից մինչեւ միջին Արեւելք։
Քողազերծելով, ինչպես Վիշերան ասում է, «արխետիպային կոդերը եւ թունդ սիմվոլիզմը կանխագուշակություններում, որտեղ բացահայտվում է լեզվի, երազի եւ կոլեկտիվ անգիտակցականի միջեւ կապը» Նյումենը ի ցույց է դնում իրական ժամանակի մեջ հույսի այս յուրահատուկ արտադրության ու սպառման մեխանիզմները, շեշտելով միաժամանակ մեր հակումը՝ ընդունելու հարկարդված հույսերի ստացողի ու սպառողի պասիվ դերը։

DSC_6695.JPGՄիկա Վաթինյանը, իր Ցուցադրության տարածք բերված երգող շատրվանում մատնանշելով քաղաքային առօրյայում, այս անգամ, հանրային մի ծես, ներկայացնում է այն իբրեւ քաղաքական գործող իշխանության արտադրած փոխանորդ հույսերը կլանող եւ սպառող համայնական պրակտիկա։ Ամեն օր հազարավոր մարդկանց գրավող ջրի այս հանդեսը ուղեկցվում է խայտաբղետ ձայնային շարքով՝ օպերաներից, բալետներից եւ տեղական դասականից, ասենք Արամ Խաչատուրյանից, մինչև պոպ երաժշտություն եւ ազգայնական երգեր։
Բերելով այս վիդեոները ցուցադրության տարածք՝ Վաթինյանը հրավիրում է այցելույին վերապրելու այն հանդիսականությունը, որը ներհայտորեն առկա է ինչպես զանգվածային ներկայացում առաջարկող երգող շատրվանի, այնպես էլ ցուցահանդեսների եւ տոնավաճառների պես արվեստային միջոցառումների պարագայում։ Լինելով տարբեր, այդ երկուսն էլ ի վերջո տալիս են կեղծ, անընդհատ վեր հառնող հույս արդիական զարգացումների մասին ամեն մեկն իր ոլորտում՝ սոցիալական ու մշակութային։

Բոլոր այս գործերը դիտարկում են հույսը տարբեր դիտակետերից եւ մերկացնում են նրա զանազան կողմերը: Թե՛ նախագծի հղացքում եւ թե՛ այն կազմող գործերից որոշներում տեղ գտած ապրանքայնացված հույսի գաղափարը գուցե եւ վիճելի է, սակայն հույսին այս այս անկյան տակ նայելու դեպքում, հնարավոր է դառնում իրականությանը նայելու այլ դիտակետերի բացահայտելը:

Հարություն Ալպետյան

____________________________________________________________________________________________________________________________________

Comments are closed.