ՌԵՖԼՈՐԱՑԻԱ ցուցահանդես-նախագիծ

անգլերեն | հայերեն

Հոկտեմբերի 16-23, 2011

նկարիչ ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, համադրողներ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԼՊԵՏՅԱՆ, ՆՎԱՐԴ ԵՐԿԱՆՅԱՆ

Սեքսի մասին խոսելը հեշտ է եւ դժվար միաժամանակ։ Հեշտ է այնքանով, որքանով որ հեշտ է խոսել օրինակ ուտելու մասին. սակայն դժվար է, քանի որ խոսակցության առարկան, համաձայն իր բնույթի, մեզ անընդհատ ստիպում է մեր վերբալ գործողությունը հնարավորինս դարձնել սեռական։ Սակայն նման պնդումն ամենեւին չի հանգեցնում սեքսի շուրջ խոսակցության անպետք կամ անիմաստ լինելուն. դեռ հակառակը` նույնիսկ նման խոսակցության որոշակի անհրաժեշտությանը։ Վերջինս ուղղակիորեն պայմանավորված է սեռականությանը հարող խնդիրներով եւ նրանց առանձնահատկություններով, որոնք եւ հանդիսացել են Սեւակ Գրիգորյանի համար հիմնական հարցադրման առարկա։ Խոսքն այստեղ գնում է կրկին լեզվի եւ սեռականության փոխհարաբերության մասին, սակայն, դիտարկելով այդ փոխհարաբերությունը այսօրվա հայկական լեզվամտածողության համատեքստում։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես լեզվի մեջ իրենց ձեւակերպումները ստացած տարատեսակ արգելքներն ու հետեւաբար դրանցից բխող  խրախուսանքները նույն այդ լեզվի միջոցով փոխանցվում են սերնդե-սերունդ, շարունակելով մնալ անհատի սեռականությունը ձեւավորող հիմնարար գործոն, ինչպես նաեւ վերջինիս ազատությանը բռնանալու մի հերթական իշխանական գործիք։

Նման արգելք-խրախուսանքների մի առանձին կոմպլեքս է հանդիսանում կուսությունը (անկախ սեռից, սակայն ավելի հաճախ կանացի կուսությունը), որն իր կարեւորությամբ շարունակում է մնալ շրջանառության մեջ բազում հասարակական շերտերում, առնվազն իբրեւ զանցառանքի առարկա, սակայն ավելի հաճախ` անձի եւ նրա կյանքի արժեւորման կանխորոշիչ գործոն։ Մաքրություն, անթառամություն, հնազանդություն, անարատություն, անմեղություն, սրանք են կարծես թե այն դրական կոնոտատիվ տարրերը, կապված կուսության հետ, որոնք եւ ծնում են վերջինիս ընդհատման  կամ պարզապես դեֆլորացիայի հետ կապվող բոլոր բացասական կոնոտատիվ տարրերը` պիղծ, փչացած, լիրբ, արատավոր, մեղսավոր եւ այլն։ Անգամ ծագումնաբանական տեսակետից դեֆլորացիան կրում է նման իմաստներ` ծաղկի պոկելու, այսինքն մայր հողից անջատելու եւ դրանով իսկ թառամելու, մահվան, մի խոսքով ինվոլուտիվ պրոցեսներին սկիզբ տալու իմաստներ։

Շեշտ դնելով սեքսի էսթետիկ մասի վրա պատկերային լեզվի մեջ, Սեւակն ավելի ակներեւ է դարձնում այն բոլոր աղավաղումներն ու թյուր ձեւակերպումները, որոնց հնարավոր է հանդիպել արդի հայերեն լեզվում։Ամենեւին չունենալով նպատակ խրախուսելու որեւէ կարգի ամենաթողություն, հեղինակն առաջարկում է լեզվական վերլուծության ու սեռական փորձառության զուգակցումն իբրեւ առողջ սեռականություն ձեւավորելու մի մոդել. վերլուծությունն իբրեւ շարժառիթ հաղթահարելու այն կոմպլեքս խնդիրները, որոնք բացահայտ նկատելի են լեզվի եւ խոսքի մեջ, փորձառությունն իբրեւ վստահելի միջոց իրականացնելու եւ վավերացնելու նվաճած ազատությունը։Անձնական ազատության վրա հենված մտածողություն եւ միջանձնական սիրո վրա վերակառուցված փորձառություն` ահա սա է այն, ինչ առաջ է քաշում Սեւակ Գրիգորյանը իբրեւ ազատ սեռականություն ձեւավորելու մի ճանապարհ։

Բնավ ճիշտ չի լինի ասել, որ այս ցուցադրության մտահղացումն ամբողջությամբ գալիս է զուտ կուսության մասին խոսելու ցանկությունից, թեեւ ակնհայտ է նախագծի վերնագրի կապն այդ խնդրի հետ։ Այնուամենայնիվ, դեֆլորացիային, իբրեւ հիմնականում բացասական իմաստ կրող երեւույթի ու լեզվական տարրի, այստեղ հակադրվում է այլ, ըստ էության ամբողջովին արհեստական մի բան`ռեֆլորացիա, որն արդեն ի հայտ է գալիս ոչ որպես կուսության վերականգնման վիրաբուժական գործողություն, այլ որպես անձնական ազատակամ կարգավիճակի վերականգնման մի փորձ։

Հարություն Ալպետյան
________________________________________________________________________________________________________________________________________

Տաս տարեկան էի, երբ իմացա երեխան ոնց ա ծնվում։ Փաստորեն պարզվեց, որ երեխայի ծնվելը, սեքսն ու որոշ հայհոյանքներն իրար հետ սերտ կապի մեջ են։ Էն գաղափարը, որ երեխան՝ մեծ սիրո արդյունք է, սկսեց կորցնել կապն իրականության հետ։
***
Ծնողների հետ երբեք առիթ չի եղել խոսելու։ Մինջեւ տասնչորս տարեկան մեր մեծ ընկերներից էինք խորհուրդ հարցնում։ Սեքսի վերաբերյալ մեզ խրատներ էին տալիս հաճախ։ Հետո, մի օր հասկացանք, որ իրանք երբեք սեքս չեն ունեցել ու պարզապես ամաչում են դրա մասին ասել։
***
Մի օր մեր Սամոն սենց մի բան ասեց.
– Ապե, տղեն պտի իրա կնգան ցերեկները ծեծի, գիշերները՝ քունի։
***
Էդգարն ամուսնացած էր ու մի երեխա ուներ։ Մի անգամ հարցրեցի, թե ինչի ա բոզի գնում էդքան հաճախ։ Վրաս մի տեսակ նայեց, հետո ասեց.
– Ապե էն կինոն տեսելե՞ս, որ Դենիրոն ասում ա “…էտ պռոշներով կինս իմ էրեխեքին ա պաչում..”
***
Մտածում եմ, ոնց ասեմ իրան որ մի քիչ բազմազանություն ա պետք մտցնել սեքսի մեջ։ Հոգնել եմ նույն դիրքից, նույն համբույրներից, նույն սենյակից, նույն նախաբաններից…
***
Մեր շենքի Քիսոյի ցելկեն Արմանն առավ։ Տղերքը շատ արագ իմացան դրա մասին։ Հետո Գագոն երկար ժամանակ համոզում էր Արմանին, որ Քիսոյին պաս տա իրան…
***
Առաջին սեքսս մի աղջկա հետ էր, որն քսանմեկ տարեկան էր։ Ես տասնվեց էի, Արդեն հասցրել էր ամուսնալուծվել։ Ինձնից շատ ավելի փորձառու էր իհարկե, հանդիպեցինք ընդամենը չորս անգամ։ Անընդհատ հարցնում էր թե իր հեշտոցին ինչի ձերք չեմ տալիս, ինչի չեմ շոյում։ Երբ վերջապես ասեցի թե ինչու՝ հազիվ ծիծաղը զսպեց, երեւի չէր ուզում ինձ վիրավորել։  Դրանով է  ամենինչ վերջացավ։
***
Մի օր սենց բան լսեցի.
– Ապե, էն մեր վերեւի հարեւանը լրիվ գիժ ա… Հղի վախտ կնգա հետ սեքս էր անում։
***
Ինձ համար մի օր բացահայտեցի, որ ընկերներից շատերը հաճախ անանիզմով են զբաղվում, թեեւ քառասուն անց են ու զուգընկեր էլ ունեն։
***
– Կնոջդ հետ էսքան լավ էղե՞լ ա։
– Աաահ, չեմ սիրում էս հարցերը։
– Ինչի՞։Օրինակ ամուսնուս հետ ինձ երբեք էսճան լավ չեմ զգածել…
– Իսկ ինչի՞ չէիր բաժանվում։
– Բա էրեխեքիս ո՞վ պահի։
***
Ընկերս քսան տարեկան էր, երբ հորը կորցրեց։ Մի տարի անց մայրը սկեց ինչ-որ տղամարդու հետ հանդիպել։ Ընկերս ծանր էր տանում շատ։ Մոր հետ չէր խոսում երկար։ Մի քանի ամիս անց հարեւաններն իմացան դրա մասին։ Մի օր ընկերս տուն եկավ ու տեսավ` դռան վրա գրված ա ԺԱՆՆԱ ԲՈԶ։
***
– Արի էսօր խոհանոցում փորձենք, քանի տանը մարդ չկա։
– Ախչի, հոմ չես գժվել։ Հաց ենք ուտում ստեղ։
– Դե լավ, գոնե մեծ սենյակում։
– Դու աչքիս կինո-մինո էս շատ նայել, հա՞։ Թե էն մորիցդ էս էտ բոզական ձեւերը սովորել։
***
Ապե, եթե ուզում էս հանգիստ սրտով կնիկ բերես տուն, պիտի մեկին դպրոցից նայես, հետեւես որ հաստատ իմանաս` կույս ա: Ծնողներն էլ, որ չտան կարաս հանգիստ փախցնես։
***
Արդեն սովորական ա դառել էս աթոռին պառկել: Սառը մետաղական գործիքները զգալ: Հիշում եմ, երբ առաջին անգամ իմացա, որ հղի եմ, սկզբից մտածում էի պահեմ երեխային, բայց հետո հասկացա, որ դա տենց հեշտ չի: Էտ տղան միանգամից փող առաջարկեց, որ աբորտ անեմ ու անհետացավ: Հերս էլ, որ իմանար տնից դուրս կհաներ: 20 տարեկանում, երեխան ձեռս ու՞ր պիտի գնաի մենակ… Ես էլ փողը վերցրեցի ու էրեխուս սպանեցի: Էսօր 6-րդ աբորտնա: Բայց արդեն սովորել եմ: Բժիշկը, որ հարցրեց, թե ինչու չեմ պաշտպանվում, ասեցի, որ ընկերս պրեզերվատիվ չի ուզում օգտագործի: Ասեց, որ կանանց համար էլ ձեւեր կան պաշտպանվելու, բայց ես հաստատ գիտեմ` դրանք շատ վնասակար են:
***
5 ամիս ա ինչ հղի եմ: Գինեկոլոգս ասումա, որ մինջեւ 7-րդ ամիս կարելի ա սեքսով զբաղվել, երեխային վնաս չի: Մարդուս ասեցի, գոռաց վրաս: Ասեց խելքս թրցրել եմ: Իրա էրեխեն փորիս մեջ ինքն իմ հետ սեքս չի անի:
Ասեցի, գնանք բժիշկի հետ խոսի, ինքն էլ ասեց, որ էտ բժիշկի մոտ ես էլ չեմ գնա:
***
– Իսկ դու մաստուրբացիայի ժամանակ ինչի մասին էս մտածում, ինչ էս պատկերացնում:
– Դե մի քանի ֆանտազիա ունեմ, ու գրեթե միշտ նույն բաներն եմ պատկերացնում:
– Հա՞: Իսկ ինչ բաներ են: Նենց հետաքրքիր ա:
– Դե, մեկը պատկերացնում եմ, որ ուշ ժամի փողոցով քայլելիս, մի անծանոթ տղամարդ ինձ հետեւից մոտենում ա ու պինդ սեղմում ա իրեն: Հետո հենում ա պատին, փեշս քշտում ա ու ունենում ա ինձ: Հետո թողնում գնում ա: Դեմքն էլ չեմ տեսնում:
***
10 տարեկան էի: Պառկել էի քնելու, ինչպես միշտ շուտ: Ու քունս չէր  տանում: Շուռ ու մուռ էի գալիս, հետո զգացի, որ վերմակս օլորվել, ոտքերիս արանքն ա մտել ու ես էլ քսմսվում եմ վերմակիս: Չհասկացա ինչ եղավ, բայց  մարմնովս տաքություն անցավ, սկսեցի դողալ, ոտքերիս  մատները ձգվեցին… Վախեցա: Շուտ դիրքս փոխեցի ու քնեցի:
Մի քանի օր հետո էլի եղավ: Ու հետո ժամանակ առ ժամանակ կրկնվում էր: Էն ժամանակ չգիտեի էլ էտ ինչ ա, բայց ինձ թվում էր, որ դա շատ վատ բան ա, ու միշտ համոզված էի, որ եթե մաման իմանա, շատ կջղայնանա:
Բայց ոչ մի տղամարդու հետ ինձ տենց լավ չի եղել: Հիմա էլ, որ մարդս գործիյա լինում, մեկ մեկ մաստուրբացիյա եմ անում:
***
Մեկ մեկ ինքս ինձ հարց եմ տալիս: Եթե երեխաները չլինեին, էլի մնալու էի իրա կողքին: Հանդուրժելու էի դավաճանությունը ու էս առհամարական վերաբերմունքը: Ախր ես այդքան էլ վատը չեմ անկողնում, ինչու ա նա գերադասում պոռնիկի հետ քնել:
Երբ որ նոր էին ամուսնացել, սենց չէր ախր: Ուշադիր էր… Ծաղիկներ էր նվիրում, միշտ աշխատանքից հետո տուն էր գալիս… Հետո որ ծնվեց առաջին երեխան միանգամից սառեց… Ամեն օր ընկերների հետ ստեղ-ընդեղ:
Իսկ ես կալանավորվածի պես պիտի տանը լինեմ: Երեխա պահեմ: Բայց ես ախր 30 տարեկան չկամ նույնիսկ: Ես ուզում եմ ինձ սիրված զգալ ու ցանկալի:
***
– Քեզ տղամարդու հետ սենց լավ էղե՞լ ա:
– Չէ, իսկ քե՞զ:
– Ինձել՝ չէ:
***
– Երեկ գիշեր ինչքան փող աշխատեցիր
– Դե սկզբից մենակ էր, 20000 վերցրեցի, հետո ասեց, որ ընկերներն են գալիս ու գիշերը մնացի մոտը: Լավ էր, շուտ պրծան՝ քնեցին: Էս գիշեր 70000 աշխատեցի էլի:
– Բա էսօր կանգնելու էս էլի:
– Չէ, էսօր հանգստանում եմ: Էրեխեն մամայի մոտ ա արդեն մի շաբաթ ա, տանեմ կառուսել:
– Բա հորից խաբար կա:
– Չէ հա, առաջ գոնե փող էր ուղարկում, երբ որ խանութում էի աշխատում: Հիմա էտ էլ չկա:
Թե չէ ստեղ ինչ պիտի անեի: Էրեխուս համար եմ անում:
– Բայց մի օր իմանալու ա չէ: Ինչ էս ասելու:
– Ինչ էս ասում: Երբեք էլ չի իմանա: Որ իմանա, կսպանեմ ինձ:
***
Մի՞թե նա իմ վերջին տղամարդն է լինելու: Ուրեմն վե՞րջ՝ Էլ ոչ ոք: Երբ՞եք: Էլ ոչ մի այլ տղամարդ առաջին անգամ ինձ մերկ չի տեսնի, ինձ չի՞ համբուրի: Ոչ մեկի մարմինը իմին չի կպնի: Մի՞թե ուրիշ ոչմեկի մարմինը չի լինելու ինձ այդքան մոտ ու հարազատ:
***
Սերն ու սեքսը ի՞նչքանով են իրար հետ կապված: Հիմա ես ու՞մ ավելի հավատամ: Նրան ով ասում ա, որ սիրում ա ինձ, բայց քնում ա ուրիշ կանանց հետ, թե՞ նրան ով ինձ սիրո մասին երգեր չի երգում, բայց ուզում ա անկողին քարշ տալ: Ո՞վ ա իրանցից ավելի անկեղծ: Ես չգիտեմ:
***
– Գիտի՞ որ կույս չես:
– Չէ դեռ: Չենք խոսել այդ մասին: Բայց պիտի ասեմ:
– Գժվե՞լ էս: Երկու շաբաթից հարսանիքդ ա:
– Ինքը կհասկանա: Սիրում ա ինձ: Կբացատրեմ: Հիմա որ մեկս սխալներ չենք արել: Ինքնել ա հաստատ սխալվել կյանքում: Ջահել էի հիմա, չէի հասկանում, խաբվեցի:
– Ես քո տեղը լինեի, չէի ասի: Եթե փոշմանես, կարան քեզ քեռակնոջս մոտ տանել: Ինքը Մարգարյանում ա աշխատում, էտ խնդիրները լուծում ա:

Նվարդ Երկանյան եւ Հարություն Ալպետյան
________________________________________________________________________________________________________________________________________

photos by nvard yerkanian

Comments are closed.