MELS GEVORGYAN: Falling and Dead bodies

previous | next
Saturday, July 9 · 8:00pm – 11:00pm

Ընկնող և մեռած մարմիններ

Մելսը քանդակագործ է, ինչը իր հետքն է թողել արվեստի իր պատկերացումների վրա։ Նա համարում է, որ երդաշնակ կարող է լինել միայն ճարտարապետությունը, իսկ նկարչությունը՝ «հաշմանդամ» է։ Նա միանգամայն համերաշխ է Մ. Սարյանի այն հայտնի արտահայտության հետ, որ նկարներում մարմինները չեն ընկնում։ Նկատեմ, որ քանդակները ընկնում են, այն էլ երբեմն դղրդոցով, ինչպես Մովսես Խորենացին է նկարագրում հեթանոս կուռքերի անկումը։

Ինչո՞ւ է կարևոր ընկնելը. որովհետև մարդը քայլելիս առաջ է տալիս իր ծանրության կենտրոնը, ընկնում, ապա դնում իր հաջորդ ոտքը և բարձրանում։ Մարմնի զգացողությունը մենք ընկալում ենք անկման և բարձրանալու այս հաջորդականության մեջ։ Ընկնելը և բարձրանալը կենդանի մարմնի «շնչառությունն» է։ Այս իմաստով մարմինը ընկալող օրգանը մեր վեստիբուլյար ապարատն է։ Եթե նայենք Մելսի առաջարկած շարքին, ապա մենք տեսնում ենք ընկնող մարմինների կամ այլ տեսանկյունից դիտված՝ մարմինը չի գտնում հատակը, այն բոլոր կողմից շրջապատված է առաստաղներով։ Մարմինը դիրքերի մեջ զգում ենք տրամաբանական կա որոշակի ճշգրտություն, որի գալիս է նրա քանդակագործական փորձից։ Կարծում եմ, մեծ գաղտնիւք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ շարքը մտահաղացվել է այն բանից հետո, երբ Մելսը հիվանդության պատճառով մի կարճ ժամանակ ունեցել է վեստիբուլյար ապարատի խախտում։ Մենք բոլորս էլ այդպիսի խախտում կարող ենք զգալ, երբ մի լավ խմում ենք։ Շատ ավելի կարևոր է, որ Մելսի մոտ այն տեղի է ունեցել հիվանդանոցում։

Մարմինը պատմականորեն դարձել է և մնում է դիակ, գրում են Հորկհայմերը և Ադոռնոն «Լուսավորականության դիալեկտիկայում։ Այն գալիս է երկակի ավանդույթից. մարմնի հասկացությունը և պատկերացումը ծագում է Փրկչի մեռած և խաչված մարմնի աստվածաբանությունից և այն բժշկությունից, որը իր հիմնարար գիտելիքները ձեռք է բերել մարմնի հերձման անատոմիական թատրոնում։ Մարմնի ներկայացման այս ձևին Մելսը ևս անդրադարձել է այա շարքում։ Նրա վերջին կտավներում մարմինն է կամ մարմնի օրգանները, որոնք սնուցվում են խողովակներով։ Արվեստագետի ներկայացված շարքում գտնում ենք և աստվածաբանական և բժշկական ավանդույթը, ներկայացված են և’ սոցիալական, և’ բժշկական բռնությունը։

Կա նաև մի հավելայլ պահ, որը գալիս է վերջին ժամանակներից. մարմնի անզուսպ վերափոխումը կերպարի, մարմնի անկասելի վիրտուալացումը։ Կենդանի մարմինը, որ կարող է ապրել և մեռնել, դուրս է գալիս գործածությունից։ Կենդանի մարմինը այստեղ է և հիմա, նրան կարելի է զգալ և շոշափել, իսկ դիակը գործում է հեռավորության վրա։ Ժամանակակից քաղաքակրթության դիակ-կերպարի նկատմամբ գայթակղվածությունը ցնցող է։ Ոչ թե կենդանի մարմինը, այլ մեռած մարմինն է դարձել պատկերագրական պարտադիր ձևը։ Հավանաբար դա է պատճառը, որ կերպավորված-պատկերված մարմինը արվեստագետը համարում է «հաշմանդամ». նրանք «խաչված» են կտավի վիրտուալ հարթության վրա և հերձված անատոմիական թատրոնում։

Վարդան Ջալոյան

______________________________________________________________________________________________________________________________________

photos by nvard yerkanian

Comments are closed.